Եղջերուն

ԵՂՋԵՐՈՒՆ

Հովհաննես Թումանյան

Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում: Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը: Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը:


Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ: Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից: Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել: Ապա երևաց Եղջերուն — Լուսաստղը: Վեր կացավ վաղորդյան զեփյուռը: Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին: Անտառն սկսեց զարթնել: Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ հեռվից…


Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից ու զմայլած դիտում էի շուրջս — բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը:


Հանկարծ մի ձայն… չորացած մի ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում: Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի – խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ… Բան չի երեում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի… Եվ, ահա, դուրս եկավ…


Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ: Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության ամեն մի գեղեցկությունների տերն ու թագավորը: Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնած, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը:


Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում:


Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս… Շարժվեցի թե չէ, նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը, վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը: Հրացանի ձայնից անտառը որոտաց ու սկսեց ճռճռալ: էն եղջերուն էր փախչում:


— Հա՛յ քո տունը չքանդվի,-ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի ո՛ր կողմից կերևա փախած որսը: Առավոտը բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանաչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը:


Վիրավորված էր եղջերուն: Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու:


— Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,– հայտնեց որսկան Օսեփը:


Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում: Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ: Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով: Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճղփալով ընկավ իր արյան մեջ մի ծանր, անզոր թառանչով: Որսկանը վրա վազեց… Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի… Նա բռնեց եղջերուի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը… Ես դարձյալ սիրտ չարի… Եվ ահա դաշույնը փայլատակեց:


ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում: Ետևից մի խուլ տնքոց լսեցի… ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը…

Անծանոթ բառերը

Դարան- Պահվելու տեղ
Կիրճ- լեռնանցք
Բացատ- Անտառի մեջ ծառերից ազատ տարածություն
Զեփյուռ- Թեթև
Որոտալ- բարձր ձայնով հնչել
Ճղփալ- Ճղփյուն դուրս գալ
Դաշույն- Երկսայրի սրածայր փոքրիկ թուր